Խորհրդի նիստեր

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը:
Խորհուրդն ընտրվում է համաժողովի կողմից 4 (չորս) տարի ժամկետով: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են ոչ պակաս քան յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ:
Խորհրդի անդամների մեկ երրորդի կամ Ասոցիացիայի նախագահի պահանջով կարող են հրավիրվել նաև Խորհրդի արտահերթ նիստեր:
Խորհուրդը՝

  • առաջարկություններ է ներկայացնում համաժողովին` նրա բացառիկ իրավասությանն առնչվող հարցերի լուծման վերաբերյալ,
  • ընդունում է Ասոցիացիայի անդամ, եթե այդ գործառույթը չի լիազորված մասնագիտական հանձնաժողովին կամ Ասոցիացիայի սկզբնական կազմակերպությանը, հեռացնում է Ասոցիացիայի անդամությունից,
  • իր կազմից ընտրում է Ասոցիացիայի Նախագահ, վաղաժամկետ ազատում է նրան զբաղեցրած պաշտոնից,
  • Ասոցիացիայի անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և տույժի միջոցներ,
  • վարում է Ասոցիացիայի ընթացիկ գործունեությունը համաժողովների միջև ընկած ժամանակաշրջանում,
  • սահմանում է Ասոցիացիայի մուտքավճարի և անդամավճարի չափը,
  • ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ, հաստատում է հանձնաժողովների գործունեության մասին հիմնական դրույթները, ինչպես նաև դրանց կանոնադրությունները, ստեղծում և լուծարում է առանձնացված ստորաբաժանումներ, հիմնարկներ, մասնագիտական հանձնաժողովներ, սկզբնական կազմակերպություններ (որոնք ստեղծվում են հանրապետության համայնքներում և Երևան քաղաքի վարչական շրջաններում) հաստատում է դրանց կանոնադրությունները, նշանակում է դրանց ղեկավարներին,
  • ընդունում է որոշումներ Ասոցիացիայի պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին,
  • որոշում է ընդունում 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող արժողությամբ ցանկացած տեսակի գույք, այդ թվում՝ ֆինանսական միջոցներ տնօրինելու և կառավարելու, ինչպես նաև 1.000.000 (մեկ միլիոն) դրամը գերազանցող դրամական գործարքներ իրականացնելու վերաբերյալ:

Խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են Խորհրդի անդամների կեսից ավելին:
Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին մասնակցող Խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
Խորհրդի անդամի լիազորությունները ժամկետից շուտ համարվում են դադարած Խորհրդին անդամությունը դադարեցնելու իր դիմումի հիման վրա, օրենքով կամ սույն կանոնադրության հիման վրա Ասոցիացիային անդամակցությունը դադարելու, ինչպես նաև Խորհրդի նիստերին մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի` առանց պատշաճ ձևով նախօրոք տեղյակ պահելու, բացակայության դեպքում:

«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի նիստ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ 2022-11-02

2022 թվականի նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) խորհրդի արտահերթ նիստը, որի օրակարգային հարցն էր.

  1. Ասոցիացիայի նախագահի ընտրություն։

Խորհրդի նիստին մասնակցում էին բոլոր 15 անդամները՝ 14 առկա և 1 հեռավար: Խորհրդի նիստն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ հաստատեցին օրակարգը և Ասոցիացիայի նախագահի միակ թեկնածու առաջադրեցին գործող նախագահ Վահագն Համբարձումյանին: Բոլոր 15 անդամները միաձայն քվեարկեցին Վահագն Համբարձումյանի օգտին, որի արդյունքում վերջինս վերընտրվեց Ասոցիացիայի նախագահ պաշտոնում։
Ասոցիացիայի բոլոր անդամներով շնորհավորում ենք Վահագն Համբարձումյանին և մաղթում բեղմնավոր աշխատանք և նորանոր նվաճումներ։

02.11.2022