Some global site information is temporarily unavailable.

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը

20.01.2017

ՖՆ եկամուտների քաղաքականության կատարելագործման խորհրդի նիստ

Հունվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստը վարում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով նշեց, որ նիստի օրակարգային հարցերն առնչվում են ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների քննարկմանը: Նիստը վարողը նշեց նաև, որ խորհրդի նախորդ նիստի օրակարգում ընդգրկված՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից ներկայացված օրենսդրական փոփոխությունների առաջարկները քննարկվել են ՀՀ ֆինանների նախարարությունում՝ աշխատանքային խմբի ձևաչափով: Գնահատելով դրանց ազդեցությունը ինչպես գործարար միջավայրի, մրցակցային միջավայրի, այնպես էլ հարկային վարչարարության արդյունավետության վրա՝ աշխատանքային խումբը՝ հաշվի առնելով նաև միջազգային կազմակերպություններից ստացված տեսակետները, ձևավորել է հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկների վերջնական փաթեթը, որը կներկայացվի խորհրդի անդամներին մոտ ապագայում:
Նիստի ընթացքում քննարկվեցին ՀՀ հարկային օրենսգրքի հետ կապված՝ շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները, տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խոչընդոտող դրույթները, դրանց փոփոխության տարբերակները՝ հիմնական շեշտը դնելով իրավական անորոշությունների վերացման և տնտեսվարողների գործունեության համար արդյունավետ միջավայրի ստեղծման սկզբունքի վրա:
Հասարակական խորհրդի նիստի արդյունքներով որոշվեց շարունակել հարկային օրենսդրության՝ մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքով ամրագրված կարգավորումների կատարելագործմանն ուղղված առաջարկությունների քննարկումները և դրանց արդյունքները քննարկել խորհրդի հաջորդ նիստում: